ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգ չի քննարկվել. Երևանից որևէ փաստաթուղթ չի ստացվել. Լավրով

Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել, որպեսզի կազմակերպության անդամները քննարկեին Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ալմաթիում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։


Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալու ընթացակարգ չի քննարկվել միավորման անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել։


Լավրովը նշել է, որ չեն քննարկվել նաև նման քայլի հնարավոր հետևանքները։


«Գուշակել, եթե-ով, դա դիվանագիտության ավանդույթների մեջ չէ: Ինչպես արդեն ասել եմ, այո, այսօր հայ նախարարը ներկա չէր նիստին, բայց Հայաստանից չի ստացվել որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որը անհրաժեշտ կդարձներ քննարկել այն բանի հետևանքները, որը տեղի չի ունեցել»,- ավելացրել է նա: